Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմ

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմ
09.05.2023 | 21:31

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց դեռևս մանկությունից գիտեմ, թե ինչ է պատերազմը: Գիտեմ հայրական ու մայրական տատերիս սև զգեստներից, դիմապատից կախված սև շրջանակով հորեղբորս ու մորեղբորս զինվորակսն համազգեստով մեծադիր լուսանկարներից:

Գիտեմ հայրական տատիս լուռ ու հավերժական սպասումից. «Դուռը մի' փակեք, Աղաջանս կգա»:

Մայրական տատիս թաց գոգնոցից գիտեմ. «Ախր, Արշալույսը բացվեց, ու Արշալույսս չեկավ»:

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց գիտեմ, թե ինչ է պատերազմը: Մայրիկիս` փայփայած մինուճար եղբոր «սև թղթից» գիտեմ: Հայրիկիս` աշխարհի տարբեր անկյուններ հարցումների գրավոր պատասխաններից:

Ես պատերազմ չեմ տեսել: Բայց գիտեմ, թե ինչ է պատերազմը: Արդեն խունացած «եռանկյունի» նամակներից գիտեմ: Մեր գյուղի քարակերտ հուշարձանին փորագրված անուններից:

Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը: ՈՒ տխուր է այդ հիշողությունը, տխուր ու չվերջացող:

Այդ հիշողությունը դեռևս իմ մանկությունից է գալիս, ու թվում է, թե այն միշտ եղել է իմ հոգում, ոչ մի պահի չի լքել ինձ: Այդպես է. պատերազմի հիշողությունը միշտ արթուն է ու արթուն է պահում նաև տիրոջը...պատերազմ չտեսած տիրոջը:

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 7130

Մեկնաբանություններ